Արցախում 2016 թվականին արձանագրվել է տնտեսական աճի ավելի քան 9 տոկոս ցուցանիշ, իսկ այս տարի սպասվում է 10 տոկոսից ավելի: Այս մասին «Ռազմական լրագրություն» խորագրով դասընթացի շրջանակներում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով լրագրողներին՝ վարչապետը կարեւորել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը եւ բարձր գնահատել լրագրողների դերը ռազմական ոլորտն առավել գրագետ լուսաբանելու, հասարակության շրջանում զինված ուժերում ընթացող բարեփոխումները, հայկական բանակի մարտունակության բարձրացմանը միտված քայլերն ու նախաձեռնությունները ճշգրտորեն ներկայացնելու գործում:

«Մենք պետք է ցանկացած հարցում սատար կանգնենք բանակին, լինենք բանակում եւ համարենք նրա զինվորը, քանի որ այն մեր ապագա հաղթանակների եւ հաջողությունների գրավականն է»,- ասել է Ա.Հարությունյանը:

ԱՀ կառավարության ղեկավարը անդրադարձել է ապրիլյան պատերազմի հետեւանքներին եւ արժեւորել Արցախի  համար դժվարին այդ ժամանակահատվածում ողջ հայության համախմբվածությունը:

Հանդիպմանը, պատասխանելով լրագրողների տարաբնույթ հարցերին, վարչապետն անդրադարձել է Արցախում իրականացվող տնտեսական խոշոր նախագծերին եւ պարզաբանումներ տվել արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ: