Որոշ թեմերում զանազան պատրվակներով տակավին ձգձգվում է ուղենիշի սկզբունքներով կանոնադրությունների բարեփոխումը. երբեմն շրջանառվում է այն անհիմն մտածումը՝ իբր Մայր Աթոռը հեռահար նպատակ է հետապնդում թեմերի ունեցվածքի առնչությամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովում իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Նրա խոսքով, մերժելի է նաեւ երեւույթը, երբ թեմի թեմական-պատգամավորական ժողովը իրեն իրավունք է վերապահում մերժել Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի որոշումները. «Թեմերը իրենց պատվիրակների միջոցով մասնակցելով ժողովներին, ապա ներկայացնելով իրենց առաջարկներն ու տեսակետները, պարտավոր են անվերապահորեն ընդունել եւ կիրառել ղեկավարման ավելի բարձր ատյանի որոշումները: Թեմերի պատասխանատու եկեղեցական մարմիններն այլեւս վերջնական հանգրվանի պիտի հասցնեն ուղենիշին համաձայն թեմական եւ ծխական կանոնադրությունների կազմումը՝ այն գիտակցությամբ, որ հոգեւոր-եկեղեցական կյանքի կանոնակարգման ցանկացած հապաղում կասեցնում է մեր Եկեղեցու առաջընթացը եւ խաթարում մեր ժողովրդի կյանքում Եկեղեցու տերունապատվեր առաքելության առավել արդյունավորումը»

Գարեգին Բ-ն նաեւ կարծիք հայտնեց, որ այս երեւույթների առնչությամբ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը պետք է վերաբերմունք արտահայտի եւ համապատասխան քայլերի վերաբերյալ որոշում կայացնի:

«Այսօր Ձեր քննարկմանը պիտի ներկայացվի Ազգային-եկեղեցական ժողովի բարեփոխյալ կանոնադրության նախագիծը: Սույն կանոնադրության որդեգրումով Հայ Եկեղեցու բարձրագույն ատյանի գործունեությունը իր լիազորություններով կարեւոր նշանակություն է ունենալու եկեղեցական եւ համազգային հիմնախնդիրների լուծման եւ մեր ժողովրդի բարօր ապագան կերտելու օրհնյալ գործում: Կամոքն Աստծո առաջիկային պիտի ձեռնամուխ լինենք Եկեղեցու կանոնադրության մյուս գլուխների մշակման աշխատանքներին: Մենք վստահ ենք, որ Տիրոջ կամոք կարող պիտի լինենք կարգավորել կանոնադրական դաշտում մեր Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերները՝ վերջնական նպատակ ունենալով մեր Եկեղեցին օժտել ամբողջական կանոնադրությամբ»,-ընդգծել է Ամենայն հայոց կաթողիկոսը: