Եկեղեցական կյանքում եւ, առհասարակ, բոլոր հարաբերություններում տարակարծություններ լինում են, սակայն դրանք չպետք է խորանան եւ սպառնան եկեղեցու բնականոն գործունեությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ քառօրյա ժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Երուսաղեմի Հայոց պատրիարքի բացակայությանը:
Հարցին, թե արդյոք դա պայմանավորվա՞ծ է Մայր Աթոռի եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջեւ առկա ինչ-ինչ տարակարծություններով, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանել է. «Խնդիրն այն է, որ այդ տարակարծությունները չպետք է դառնան անջրպետ: Մենք անջրպետ չունենք: Երուսաղեմի Հայոց պատրիարքը բացակայում է հարգելի պատճառով, առողջական ինչ-ինչ խնդիրներ ունի, սակայն նա իր զորակցությունն է հայտնել հեռախոսազրույցով, բացի դրանից՝ Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչներն այստեղ են»:
Ինչ վերաբերում է Պոլսո Հայոց պատրիարքի առաջիկա ընտրություններին՝ նա նշեց, որ ժամկետներն առաջիկա կրոնական ժողովում կհստակեցվեն. «Գիտեմ, որ Արամ Սրբազանը եւս դժվար ընտրությունների առաջ է կանգնած եղել եւ ծանր կացության մեջ է եղել: Ես ինձ իրավունք չեմ վերապահում ինչ-որ ձեւով նրա վարքագծին գնահատական տալ, միայն կբավարարվեմ արձանագրելով այն փաստը, որ ամեն ինչ բարեհաջող անցավ»:





























