Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն անձինք, որոնք ունեն քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Այսօր՝ հունիսի 7-ին, հանձնաժողովի ստեղծման օրինագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Ասում ենք՝ հանձնաժողովի անդամները պետք է տիրապետեն ամեն ինչի, լինեն հրեշտակային դեմքեր, որ գնանք, հարեւաններին հարցնենք, ասեն՝ սուրբ է, հրեշտակ, բայց այդ հրեշտակը կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞: Նա կարող է գնալ, հրեշտակի պես նստել այնտեղ, հրեշտակի նման թեւածել պետական կոռումպացված համակարգի վրա եւ հրեշտակային դեմքով որեւէ կոռումպացված մեկին նեղություն չտա: Պետք է ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնք իսկապես կպայքարեն կոռուպցիայի դեմ, ոչ թե կասեն՝ օրենսդրությունը թերի է, այդքան լծակներ չունենք: Նա պետք է կարողանան անել այն, ինչի պահանջարկը ռեալ ունի Հայաստանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի համար տարօրինակ է իշխանության ներկայացուցիչների պնդումները, թե եթե հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում հայտնվի ընդդիմության ներկայացուցիչը, նա կսկսի հետապնդումներ իրականացնել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:
«Սա տարօրինակ փաստարկ է, որովհետեւ օրինակ, գլխավոր դատախազն առաջադրվում եւ նշանակվում է իշխող ուժի կողմից, եթե իշխանությունն ասում է՝ ընդդիմության ներկայացրած մարդը պետք է հետապնդումներ իրականացնել իշխանության ներկայացուցչի նկատմամբ, անուղղակիորեն հայտարարում է, որ իշխանության կողմից ներկայացված Քննչական կոմիտեի պետը, գլխավոր դատախազը կանխավարկածով ներկայացված է ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդումների ենթարկելու համար»,- ասաց նա:
Փաշինյանն առաջարկեց, որ հակակոռուպցիոն մարմինը լինի բրգաձեւ կառույց, որի ղեկավարին առաջադրելու հնարավորություն պետք է ունենա ընդդիմությունը:
Նշենք, որ Ագզային ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը:











