Այսուհետ Ucom ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոններում տեղադրված էլեկտրոնային գրիչների շնորհիվ կարագանա ու կթեթեւանա բաժանորդների սպասարկման գործընթացը:
«Որպես պատասխանատու ընկերություն Ucom-ը կարեւորում է ոչ միայն մեր բաժանորդների ժամանակը, այլեւ բնությունը: Էլեկտրոնային գրչի կիրառումը թույլ է տալիս կրճատել սպասարկման սրահում հերթերի կուտակման հնարավորությունը, փաստաթուղթը ստորագրելիս՝ չտպել այն, խնայել թուղթ եւ պատասխանատվությամբ վերաբերել շրջակա միջավայրին, բնությանը, ծառերին: Այս գրչով ստորագրված փաստաթղթի բնօրինակն ուղարկվում է բաժանորդի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում այն միշտ ձեռքի տակ ունենալ», - պարզաբանում է Ucom ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Շաբոյանը:
Բաժանորդագրության գործընթացի հետ կապված փաստաթղթերի կազմման եւ ստորագրման համար գրչի եւ թղթի օգտագործումը, իսկ այնուհետ նաեւ դրանց բնօրինակների թղթային տարբերակների արխիվացումը եղել եւ շարունակում է մնալ մեծ ռեսուրսներ պահանջող գործընթաց:
Ահա թե ինչու էլեկտրոնային գրչի լուծումը շահավետ է թե՛ բաժանորդների, եւ թե՛ օպերատորների համար: Այսպիսով, բաժանորդները կարող են ստորագրել բաժանորդագրության գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ այնպես, ինչպես կստորագրեին փաստաթղթի թղթային տարբերակը, եւ այնուհետ փաստաթուղթն առանց տպելու պահպանել իրենց անձնական էլեկտրոնային փոստարկղում: Իսկ օպերատորների համար տվյալ լուծումը թույլ է տալիս վարել էլեկտրոնային փաստաթղթերի բազա, խնայել ռեսուրսներ եւ ավելի արագ իրականացնել բաժանորդների սպասարկումը:
Մինչեւ ս.թ. հունիսի վերջ էլեկտրոնային գրիչները հասանելի կդառնան Ucom-ի բոլոր, այդ թվում՝ մարզային սպասարկման կենտրոններում:






























