Մեզ համար խիստ անընդունելի է, որ հանրության լայն շերտերի շահերը շոշափող օբյետկտների սեփականաշնորհումը տեղի ունենա առանց հանրային խորհրդարանական պատշաճ լսումների: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ օրինագիծը, առողջապահական կարեւորագույն 10 օբյեկտների սեփականաշնորհում է նախատեսում, մինչդեռ առողջապահության եւ սոցիալական հարցերի ԱԺ հանձնաժողովն անմասն է մնացել այս օրինագծի քննարկումից:

«Շատ ճիշտ է ասվում, որ մասնավոր հիվանդանոցներն ավելի լավ վիճակում են, քան պետականները, մասնավոր հիվանդանոցների զուգարաններից ավանդական գարշահոտությունը չի փչում եւ դա շատ լավ է, բայց արդյունքում տեղի է ունենում հետեւյալը. եթե որեւէ քաղաքացի փռշտալուց ավել առողջական բողոք ունի, նա շատ թե քիչ նորմալ հետազոտություն անցնելու համար պետք է 150-200 հազար դրամ ծախսի:

Այո, մեր պետությունն անապահովության որոշակի աստիճան ունեցող քաղաքացիներին տալիս է պետպատվերի հնարավորություն: Ասենք 30 միավորի պարագայում, բայց տասնյակ հազարավոր մարդիկ պաշտոնապես աղքատ են, բայց նրանց պետպատվերի հնարավորություն չի տրվում, որովհետեւ նրանք սանդղակից կես միավոր պակաս են: Այսպիսի ընտանիքների թիվը 70-80 հազարի է հասնում: Մարդը գնում է պետպատվերից օգտվելու, ասում են՝ պրծել ա պետպատվերը: Ո՞նց ա պրծել, ուրեմն հիվանդը պետք է սպասի հաջորդ տարվան»,-հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով սրտի ստենտավորման անվճար լինելուն, «Ելք» խմբակցության ղեկավարը մի քանի զավեշտալի դեպքեր պատմեց. «Բայց մենք պայման ենք դնում. Ասում ենք՝ պետք է շտապօգնության մեքենայով հասնես հիվանդանոց եւ սրտամկանը մահանալու պրոցեսում լինի: Մարդիկ գնում են հիվանդանոց, ասում են՝ հարեւանի 06-ով չպիտի գայիր, գնա, շտապօգնությունով արի: Կամ ասում են՝ ճիշտ է, մի քանի ժամից ինֆարկտը ստանալու ես, բայց դեռ չես ստացել, գնա տուն, ինֆարկտը թող քեզ խփի նորմալ աբշիրնի, եթե բախտդ բերի հասնես հիվանդանոց, օրենքով քեզ կստենտավորենք»:

Փաշինյանը նշեց նաեւ, որ հիվանդությունների կանխարգելման համակարգը Հայաստանում ջախջախված է. «Պոլիկլինիկաների 90 տոկոսը երկրաշարժի ավերակներ է հիշեցնում: Այնտեղ բացի ճնշում չափելուց այլ բան չեն անում, եթե որեւէ լուրջ խնդիր ունես, ուղարկում են այլ տեղեր ախտորոշման, որտեղ մեծ թվեր են ուզում»: