Նոյեմբերի 23-ին, ժամը 4:30-ի սահմաններում դանակահարություն դեպք է գրանցվել Վաղարշապատում:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռքի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 38-ամյա Գուրգեն Մ.-ն: Նա օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամը 04.30-ի սահմաններում, Ծիածան գյուղում գտնվող իր հողամասում հայտնաբերել է գողացված ծաղկակաղամբով բեռնված «ՎԱԶ-2121» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի վարորդը վիճաբանության ժամանակ կտրող-ծակող գործիքով հարվածել է իրեն, ապա վարորդները թողնելով մեքենաները` դիմել են փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հաջորդ օրը բերման են ենթարկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ՝ 25-ամյա Արմեն Ն.-ն, 20-ամյա Ռուզաննա Հ.-ն, 42-ամյա Ալվինա Ն.-ն եւ 28-ամյա Արմեն Հ.-ն, որոնք խոստովանել են, որ նոյեմբերի 23-ի գիշերը Ծիածան գյուղի մի հողամասից գողացել են 1.150 կգ ծաղկակաղամբ, բարձել ավտոմեքենաներն ու փորձել դուրս բերել հողամասից, սակայն նրանց ճանապարհը փակել է Գուրգեն Մ.-ն: Արմեն Հ.-ն դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, ապա իրենք դիմել են փախուստի: