«Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նոյեմբերի 24-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, դեսպանության 1-ին քարտուղար Դանիել Հոսթինգսին: Իսկ այսօր` նոյեմբերի 25-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ դեսպանորդ Սերգեյ Ավչենկոն հյուրընկալել են Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ռուբեն Հակոբյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգության» մամուլի ծառայությունից:

Հանդիպումների ընթացքում, ի շարս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի, քննարկվել են արցախյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային անվտանգության ու կայունության եւ այլ հարցեր:

«Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների եւ սահմանագծում Ադրբեջանի զինուժի կողմից մերթընդմերթ սանձազերծվող ոտնձգությունների առնչությամբ: Նաեւ ներկայացվել է ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության որդեգրած դիրքորոշումը: Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները իրենց տեսակետներն են արտահայտել քննարկված օրակարգի մասին` ընդգծելով, որ հարցի քաղաքական լուծումն այլընտրանք չունի, եւ իրենց կառավարությունները ձգտում են հիմնախնդիրը բանակցային գործընթացում պահելու եւ քաղաքական լուծումներ գտնելու համար: