Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը նշել է պաշտոնական Բաքվի գլխավոր նպատակը:

«Մեր նպատակն է հասնել ԼՂ խնդրի կարգավորմանը բանակցությունների ճանապարհով` երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Մամեդովն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Նրա խոսքով, «Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը շատ կարեւոր միջազգային իրադարձություն է, որովհետեւ այսօր ՆԱՏՕ-ն երկրագնդի ամենահզոր ռազմա-քաղաքական դաշինքներից մեկն է, որը միավորում է ԱՄՆ-ին ու Եվրոպական երկրներին: Այդ գագաթաժողովում ընդունված Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցություն հայտնող հռչակագիրը հաջողություն է մեր երկրի համար», հայտարարել է Մամեդովը:

Նա նշել է, որ Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողվում պետք է որոշակի վերաբերմունք արտահայտվի ԼՂ խնդրի վերաբերյալ, վճռորոշ դիրքորոշում հայտնվի: «Կազմակերպության անվան մեջ «անվտանգություն» բառն ուղղակիորեն վերաբերում է Հարավային Կովկասին: Սակայն, ցավոք, իմ կարծիքով, ԼՂ խնդրի կարգավորման միջնորդի դերը տալով համանախագահներին, ԵԱՀԿ-ն այդ խնդրի լուծմանը մոտենում է հավանականության սկզբունքով` չցուցաբերելով  վճռական դիրքորոշում:

«ԵԱՀԿ-ն պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի Հարավային Կովկասի անվտանգությունն ապահովելու համար, ընդունի համապատասխան փաստաթղթեր եւ մեծացնի ճնշումը Հայաստանի վրա»,- ասել է Մամեդովը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի ԱՄՆ-ը մասնակցի արդարության վերականգնմանը, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Եվ, իհարկե, նման մոտեցում ենք սպասում ԱՄՆ-ից Աստանայի գագաթաժողովում: Իհարկե, ԼՂ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վճռական քայլեր կատարի: Եթե ՀՀ նախագահն ուզում է, որ իր ժողովրդի ապագան բարգավաճ լինի, ապա պետք է համաձայնի խնդրի լուծմանը միջազգային իրավունքի հիման վրա: Այսօր Հայաստանը գտնվում է ճնշման ներքո, որն իրականություն է դարձնում ադրբեջանական դիվանագիտությունը: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանը բոլոր միջոցներով վերադարձնելու է իր պատմական հողերը: Դա պետք է իմանա միջազգային հանրությունը, եւ առաջին հերթին Հայաստանը»,- ամփոփել է Մամեդովը: