Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ձեռնպահ է մնում դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ հակամարտության վերաբերյալ կանխատեսումներ անելուց: «Այժմ հնարավոր չէ խոսել գագաթաժողովի արդյունավետության մասին՝ կապված ԼՂ խնդրի կարգավորման հետ: Սակայն նկատվող ակտիվությունը նման հույսի հնարավորություն է տալիս»,-Բաքվում հայտարարել է Սեմնեբին:
«Կան հարցեր, որոնք ակտիվ քննարկվում են, եւ դա համենայնդեպս առիթ է տալիս կարծելու, որ Աստանայի հանդիպումը ինչ-որ առաջընթացի կբերի»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ հավելելով. «Ես չեմ ուզում մինչ Աստանայի հանդիպումը քննարկել բանակցային գործընթացի դետալները: Դա բանակցությունների նուրբ պահն է»: Նրա խոսքով, այն փաստը, որ բանակցություններն ակտիվորեն ընթանում են եւ որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է, նշանակում է, որ «որ պրոցեսը կրկին ընթացքի մեջ է»,-հայտնում է Trend-ը:




























