Մշակույթի եւ արվեստի գործիչների նախօրեին ընդունած հայտարարությանը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջով, երեկ միացել է եւս 8 մտավորական:
Թաթուլ Սարոյան – նկարիչ
Գագիկ Արծրունի – էնցիկլոպեդիստ
Հրաչյա Մաթեւոսյան – արձակագիր
Սամո Սպիունի – ռեժիսոր
Հովհաննես Բեքմեզյան – գրականագետ
Արմեն Օհանյան – արվեստագետ
Լուսինե Վայաչյան – գրող
Գերման Ավագյան-լուսանկարիչ
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին 100-ից ավելի մտավորականներ հայտարարություն էին ընդունել, որում, մասնավորապես, ասված է.
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես լրագրողի նկատմամբ հարձակումների պարբերականությունը մտահոգություն են հարուցում: Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդ հարձակումների ուղղորդված լինելու եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից կիսում ենք նրա քաղաքական հայացքները թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների»:
Հայտարարությանը միացած մտավորականների շարքում են դիրիժոր Օհան Դուրյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, ռեժիսոր Վահե Շահվերդյանը, դերասան Երվանդ Մանարյանը, երաժիշտ Վահան Արծրունին, նկարիչ Սամվել Սեւադան, երգահան Ռուբեն Հախվերդյանը, Ampyray խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, դերասան Աշոտ Ադամյանը եւ այլ:





























