Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են այնտեղ գերի պահվող Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի պատվիրակության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան АПА-ին հաղորդել է, որ այցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ «Կարմիր խաչի աշխատակիցների միջոցով զինծառայողն ու նրա ընտանիքը տեղեկություններ են փոխանակել»։ Հուսյենովան նշել է, որ այցը տեղի է ունեցել համապատասխան կարմիր խաչի ընթացակարգի. «Իր մանդատի համապատասխան՝ Կարմիր խաչն այցելում է գերի պահվող անձանց՝ գերության պայմանների եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգի, ինչպես նաեւ այդ մարդկանց ընտանիքների հետ կապ հաստատել օգնելու համար»։ 

Արցախի Հանրապետության բնակիչ Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել են դիվերսիայի եւ սպանության մեջ՝ փորձելով նրան «դիվերսոին խմբի անդամ» ներկայացնել։ Դրանից հետո Արսեն Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։