Մոլդովայի նախկին նախագահ, կոմունիստ Վլադիմիր Վորոնինը եւս մեկ անգամ բացատրել է, թե ինչու է որոշել չհանդիպել Միխայիլ Սահակաշվիլիի հետ, ով նախօրեին այցելել է Քիշնեւ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ես բացատրեցի իմ գրավոր հայտարարության մեջ Սահակաշվիլիի հետ հանդիպումից հրաժարվելու իմ պատճառները: Ես հասկանում եմ, որ քաղաքականության մեջ շատ բաներ են տեղի ունենում, որոնց հետ կարող ես համաձայնել, կարող ես՝ ոչ: Ես նաեւ հասկանում եմ, որ երկրի ոչ բոլոր քաղաքացիները կարող են գոհ լինել այս կամ այն քաղաքական գործչի գործողություններից: Դա էլ է նորմալ, բայց կան բաներ, որոնք ես տանել չեմ կարողանում: Սահակաշվիլին հենց այդպիսի արարքներ է թույլ տվել»,- ասել է Վորոնինը մամուլի ասուլիսի ժամանակ: Նա օրինակ է բերել Քութաիսիում սովետական զինվորի հուշարձանի պայթյունը:
«Ինձ համար դա սրբապղծություն է: Ես չեմ կարող դա մոռանալ, դա չի տեղավորվում իմ գլխում: Այդ պահից սկսած Սահակաշվիլին ինձ համար դադարել է գոյություն ունենալ: Միխայիլ Սահակաշվիլին ոչնչություն է»,- հայտարարել է կոմունիստ Վորոնինը:




























