Հայաստանի իշխանություններն ավարտում են բանակցությունները Երեւանում «կանաչ» էներգիայի ու էներգամատակարարման խոշոր ծրագրի մասին։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքնեի ու բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը DigiTec Business ՏՏ ֆորումի ժամանակ։
Ծրագիրը մտադիր են իրականացնել Եվրոպական ներդրումային բանկի վարկային ու Էներգաարդյունավետության ու բնապահպանական գործընկերության արեւելաեվրոպական հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով։
Ջերմամեկուսացման ու վերականգնվող էներգիայի առավելություններն ապացուցվելու են 90 շենքերի օրինակով։
«Այնտեղ մենք կիրականացնենք մի շարք համալիր միջոցառումներ՝ սեյսմիկայի ամրացում, կտուրների վերանորոգում, ջերմամեկուսացում, վերականգնվող էներգետիկա՝ մի խոսքով՝ ամեն ինչ»։ Բանակցությունները արդեն ավարտվում են։ Երբ ծրագիրը հաստատեն՝ կարելի է ավելի մանրակրկիտ խոսել։ Բայց արդեն հիմա կարելի է հավաստիացնել, որ ծրագիրը ստեղծելու է մե ր հանրապետության համար շատ նկատելի նախադեպ»,- հայտնել է Հարությունյանը։




























