Հայ Առաքելական Եկեղեցին հունիսի 11-ին նշում է Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրը:
Qahana.am-ի փոխանցմամբ, Եղիան Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, որ հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Ս. Եղիա մարգարեն ապրել եւ գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ եւ Դ գրքերում: Ս. Եղիա մարգարեի անունը հիշատակում են ավետարանիչները:
Թագավորաց գրքում գրված է, թե ինչպես Եղիան, իբրեւ Աստծո խոսքի ճշմարիտ բանբեր, Տիրոջ տնօրինությամբ հայտնվում է հավատուրաց Աքաաբի առջեւ եւ հայտարարում սպասվող երաշտի մասին:
Կատարվում է Ս. Եղիայի մարգարեությունը, եւ երեք տարի անց մարգարեն կրկին ներկայանում է Աքաաբին: Ապացուցելով կռապաշտների անզորությունը, Եղիան աղոթքով վառում է իր ողջակեզի կրակը, ապա դիմելով Աստծուն՝ հորդառատ անձրեւ բերում: Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի եւ յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն եւ այլն:
Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:





























