Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան եւ Արեւմտյան, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմերի ուխտավորներին:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավոր հայորդիներին եւ նրանց հոգեւոր հովիվներին` ուրախություն հայտնելով, որ ուխտի են եկել համայն հայության հոգեւոր կենտրոն, որը դարեր շարունակ հային կապել է հայրենի հողին, իր խորհրդով հույս ու հավատ ներշնչել, կերտել ու փրկել է նրա հոգին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հովվապպետական ացելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայ եւ ավստրալահայ համայնքների զորավոր հավատքը եւ անվերապահ սերն ու նվիրումը համայն հայության Սրբություն Սրբոցի եւ Հայոց Հայրապետի նկատմամբ:

Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց ուխտավորներին, որ Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը կկերպարանափոխի նրանց հոգին եւ նոր ներշնչանքի աղբյուր կդառնա` հայրենիքով առավել զորացած վերադառնալու իրենց երկրները եւ շարունակելու իրենց ազգանվեր ու եկեղեցասեր ընթացքը:

Վերջում Նորին Սրբությունն իր աղոթքն ու մաղթանքները փոխանցեց ամերիկահայ եւ ավստրալահայ համայնքներին՝ հայցելով, որ Աստծու օրհնության ներքո ապրեն խաղաղ եւ ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը եւ ավելի շենացնեն իրենց համայնքային կյանքը:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաեւ ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի հոգեւոր- կրթական հաստատություններին եւ Սփյուռքի առջեւ ծառացող զանազան մարտահրավերներին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: