Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում հունիսի 12-18-ը Արարատյան շաբաթն է:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Հոգեգալստի տոնից մեկ շաբաթ հետո` Եղիա մարգարեի հիշատակության կիրակիին հաջորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Արարատյան շաբաթը: Ամբողջ շաբաթվա տոները բովանդակող իրադարձությունները տեղի են ունեցել Արարատյան դաշտում, որտեղից էլ առաջացել է շաբաթվա անվանումը: Շաբաթվա ընթացքում նշվելու են՝ հունիս 12՝  Տօն Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց, հունիս 13՝ Տօն Սրբոց Կուսանացն Գայիանեանց, հունիս 15՝ Տօն Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Աթանագինեայ Եպիսկոպոսին, հունիս 17՝ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի Վիրապէն, հունիս 18՝  Տօն Կաթուղիկէ Սրբոյ ԷջմիածնիԱզնվազարմ:

Qahana.am-ի փոխանցմամբ, Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում:

Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երեւում է Սբ. Աստվածածինը եւ պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան:

Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել եւ միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում:

Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաեւ Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաեւ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին եւ զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետեւ` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե եւ Սբ. Շողակաթ եկեղեցիները:

Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում:

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան եւ Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:

Մայր Աթոռի տեղեկատավակն համակարգի հաղորդմամբ, Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մայր Աթոռի միաբաններից, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Հայորդյաց տների սաներից կազմված հանդիսավոր թափորը, մասնակցությամբ հավատավոր ուխտավորների, կառաջնորդվի Ս. Հռիփսիմե վանք` տանելով նաեւ Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները: Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն, սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: