Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի. ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):
ՀՀ նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Շնորհավորում եմ Երեւանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին եւ քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ: Ուրախ եմ ինչպես Հանրապետականի իմ կուսակից ընկերների, այնպես էլ Երեւանի բնակիչների վստահության քվեին արժանացած այլ քաղաքական ուժերի համար: Դուք բոլորդ այդ քվեն վաստակել եք դժվարին պայքարում:
Հավատում եմ, որ տարաձայնություններից վեր կարող է լինել եւ ձեզ բոլորիդ կարող է միավորել Երեւան համայնքի ընդհանուր շահը: Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարեւոր մարմնում: Հիշե՛ք, որ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար:
Երեւանի ավագանու ընտրություններով մենք ամփոփեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Շատ կարեւոր է, որ մենք արդեն ձեւավորել ենք իշխանություն, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը: Արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը, դրանք թողնել անցյալում: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը:
2018 թվականը խորհրդանշական տարի է լինելու: Համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ նույն տարում տոնելու ենք նաեւ քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը, որը բնավ նախորդ հոբելյաններից պակաս կարեւոր չէ:
Այս հոբելյանը պատվով դիմավորելու եւ կազմակերպելու գործի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է քաղաքային նորընտիր իշխանության ուսերին: Այո՛, Երեւանը հինավուրց քաղաք է, բայց միեւնույն ժամանակ այն անընդհատ արդիականանում է, ձեւավորվում են համակեցության նոր կանոններ:
Նորովի պետք է քննենք եւ լուծենք բազմաբնակարանային շենքերի բնակելի ֆոնդի պահպանման հարցերը: Համատիրությունը հնուց մնացած ժեկ-երի լոկ նոր անունը չէ: Համատիրությունը բնակարանների սեփականատերերի միությունն է: Ինչպես ամեն մեկը տեր է կանգնում իր օջախին, այդպես էլ պարտավոր է տեր կանգնել մուտքին, վերելակին, տանիքին, նկուղին եւ, ընդհանրապես, ամբողջ շենքին:
Նման դրական օրինակներ ունենք, եւ այդ մշակույթը եւս պետք է տարածենք՝ արմատախիլ անելով բացասական հին ավանդույթները: Այստեղ պետք է նաեւ հատուկ շեշտեմ, որ ամենալուրջ ուշադրությամբ պետք է քննել վերելակային տնտեսության կարիքները՝ կանխելով դժբախտ պատահարների հնարավորությունը: Իմ կարծիքով հրատապ անհրաժեշտություն է վերելակների ճնշող մեծամասնությունը փոխարինել նորերով:
Տարո՛ն ջան,
Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես եւ Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երեւանին եւ երեւանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երեւանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երեւանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել եւ շարունակել կառավարել Երեւանը:
Երեւանի հարգարժա՛ն քաղաքապետ,
Ավագանու հարգելի՛ անդամներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում բեղմնավոր աշխատանք՝ հանուն հայոց տասներկուերորդ մայրաքաղաքի բարգավաճման, հանուն Հայաստանի առաջընթացի:
Շնորհակալություն»:











