ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներն անհանգստացած են Հարավային Կովկասում սպառազինությունների աճով։ Այս մասին հունիսի 12-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ջեյմս Ապաթուրայը։

Նրա խոսքով՝ դա ուղեկցվում է քաղաքական լարվածությամբ։ «Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրներ (Ֆրանսիա եւ ԱՄՆ) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են։ Եւ նրանք հակված են Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը»,-նշեց Ապաթուրայը։ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, ըստ նրա, միանգամայն ակնհայտ է՝ լարվածության թուլացում, ռազմական գործողությունների մակարդակի նվազում եւ խաղաղարար գործընթաց։

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ տարածաշրջանում անվտանգության իրադրությանը։ Մենք պարբերաբար այդ կապակցությամբ թարմ տեղեկություններ ենք ստանում։ Պետք է ասեմ, որ ներկա պահին ՆԱՏՕ-ի անդամ երկրներում անհանգստության մակարդակը բավական բարձր է, ավելի մարտական հայտարարություններ են հնչել, կան տուժածներ։ ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված չէ գործընթացում, եւ ես չեմ կարող դաշինքին ներգրավել դրանում։ Մեր հստակ դիրքորոշումն է՝ փոխգործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ»,- ընդգծեց Ջեյմս Ափաթուրայը։ Նրա հավաստմամբ՝ ՆԱՏՕ-ն կշարունակի փոխգործակցել երկու երկրների եւ համանախագահների ձեռնարկած քայլերին՝ հօգուտ խաղաղ կարգավորման։