ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները բազմիցս ասել են, որ արցախյան հակամարտության իրադրությունը սրող կողմը կդատապարտվի միջազգային հանրության կողմից։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։
«Չնայած դրան՝ Ադրբեջանը ձեւացնում է, թե կոչերն իրեն չեն վերաբերում, որ ինքը կարող է արհամարհել կոչերը, հրաժարվում է մեխանիզմներ ներդնելուց, չնայած բոլորին հասկանալի է՝ ով է խախտող կողմը։ Միջնորդները փորձում են հավասարակշռված արձագանքել, չմատնանշել։ Բայց նրանք եւս ստիպված են հասցեական հայտարարություններ անել, ինչը տեղի ունեցավ։ Քանի՞ հայտարարություն պետք է լինի, որպեսզի պարզ դառնա, որ դրանք բավարար չեն եւ ավելի ազդեցիկ միջոցներ են անհրաժեշտ՝ դրությունն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը զսպելու համար։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը հանգում է եզրակացության, որ մշտապես ուժային մեթոդներով սպառնացող կողմի նկատմամբ համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն»,- նշեց նախարարը։
Պատասխանելով Մոսկվայում հանդիպման ժամանակ Բաքվի մեկնաբանությունների վերաբերյալ հարցին՝ նախարարն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է միայն լրատվամիջոցների համար նախատեսված հաղորդագրության տեքստը, որը միջնորդների ներկայությամբ քննարկել են նախարարները։ Հատկանշական է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունները հրապարակել են համաձայնեցված տարբերակը, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ իր տարբերակը։ Դրանում նշվել է, թե «նախարարները չեն քննարկել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը», այլ «քննարկել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանակցությունները», ինչն աբսուրդ է։ Ինչ վերաբերում է Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, ապա համատեղ հայտարարություն է արվել, որտեղ մանրամասն խոսվել է հանդիպման բովանդակության մասին։ Նախարարը նշեց, որ դրանից հետո Բաքուն փորձել է մեկնաբանություններ անել, որոնք ՌԴ ԱԳՆ-ն աղավաղված անվանեց։
Մեկնաբանելով ստատուս քվոյի անթույլատրելիության վերաբերյալ Բաքվի հայտարարությունները՝ նախարարը նկատեց, թե ադրբեջանցի պաշտոնյաները կենտրոնանում են ինչ-որ բանի վրա ու անդադար կրկնում՝ արժեզրկելով դրա իմաստն ու հակառակ վարքագիծ ցուցաբերելով։ «Խոսելով ստատուս քվոյի մասին՝ ո՞վ է խախտում հրադադարի ռեժիմն ու թույլ չի տալիս բանակցությունների առաջխաղացման մթնոլորտ ստեղծել։ Մի բան ասում են, մեկ այլ բան՝ անում։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի բանաձեւերին, դրանք 4-ն են, որովհետեւ յուրաքանչյուրն ընդունելուց հետո Արդբեջանը հրաժարվում է դրանք կատարել։ Բանաձեւերի նպատակը մեկն էր՝ դադարեցնել ռազմական գործողությունները»,- հիշեցրեց նախարարը։
Նախարարը հավելեց, որ անցյալ տարվա ապրիլին Բաքուն առհասարակ փորձեց կասկածի տակ դնել հրադադարի համաձայնագիրը, ուստի միջնորդները ստիպված եղան Ադրբեջանին հիշեցնել, որ համաձայնագիրն անժամկետ է եւ դրա պայմանները պետք է կատարել։





























