Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարությունն այսօր` հունիսի 13-ին, մեկնարկեց մեկ ժամ ուշացմամբ (ֆոտոռեպորտաժ):
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ ուշացման պատճառն այն է, որ փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը հրաժարվել են թույլ տալ զննել իրենց: Նշենք, որ նրանք այնուամենայնիվ մտել էին դատական նիստին:
Հենց մեկնարկին Արայիկ Պապիկյանը, որ Ներսես Պողոսյանի պաշտպանն է, միջնորդեց, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի: Ըստ պաշտպանի` հիմնավոր կասկած կա, որ Տաթեւիկ Գրիգորյանը չի կարող լինել անկողմնակալ և անաչառ դատավոր: Արայիկ Պապիկյանը հիշեցրեց, որ քրեական գործը վարույթ ընդունելու եւ նիստի օր նշանակելու ընթացքում դատավորն ունեցել է ընդամենը յոթ օր` 36 հատոր նյութերին ծանոթանալու համար:
«Այս ընթացքում դատավորն ունեցել է 21 նիստ եւ 4 քրեական այլ գործ` վարույթ ընդունելու եւ նիստի օր նշանակելու համար: Սա նշանակում է, որ այսքան կարճ ժամանակահատվածում չէր կարող դատավորն ուսումնասիրել նյութերը»,- ասաց Պապիկյանը:
Միջնորդությանը միացավ նաեւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
«Ոչ պատշաճ դատավոր եք»,- ասաց նա:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի մեկ ժամից:
Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:
Գործը քննում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, թեեւ նիստը արտագնա է, ընթանում է Շենգավիթի դատարանում։
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Հոդվածներից յուրաքանչյուրը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:




























