Դոնորների թիվը քիչ է Հայաստանում եւ արյունատվության քարոզչություն  իրականացնելու անհրաժեշտություն կա։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի  տնօրեն, առողջապահության նախարարության  գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը։

Նշենք, որ դոնորի միջազգային օրվա  առիթվ այսօր Ազգային ժողովում արյունատվության ակցիա էին կազմակերպել, որին մասնակվում էր Աժ նախագահը եւ պատգամավորները։

«Խնդիր ունենք արյունատվության քարոզչական հարցը ավելի բարձրացնելու, քանի որ դոնորների թիվը քիչ է եւ ավելացնելու խնդիր կա։ Կարծում եմ՝ Ազգային ժողովը այն հարթակն է, որ մեր պատգամավորներից վերցնենք արյան բաղադրամասերը, ինչը կնպաստի արյունատվության ակցիային բնակչության ակտիվ մասնակցությունը։ Շատ կարեւոր է այն քարոզչական ազդակները, որոնք Ազգային ժողովից գնում են հասարակություն եւ նրանք գալու են ու իրենց արյան մի մասը հանձնելու են հիվանդներին փրկելու համար»,–ասաց գլխավոր արյունաբանը։

Ըստ նրա՝  երբ մարդը մասնակցում է դոնորության ակցիային՝ օգնելով առողջական խնդիր ունեցող մարդկանց,  դրական լիցքեր են ստանում եւ իրենց զգում են հասարակության բարի անդամ։ 

Մեր հարցին՝  խորհրդարանում կազմակերպված արյունատվության ակցիա՞ն էլ այսպիսի նպատակ է հետապնդում, որ պատգամավորները դրական լիքցեր ստանան եւ ժողովրդի շահերից բխող օրենքներ ընդունեն,  հատկապես որ ակտիվորեն մասնակցում են ՀՀԿ–ական պատգամավորները, Սմբատ Դաղբաշյանը պատասխանեց. «ՀՀԿ–ականները եւ մյուս պատգամավորները մշտապես հանձնում են արյուն, նրանցից շատերը եկել  են կենտրոն եւ արյուն են տվել, այստեղ որեւէ նշանակություն չունի քաղաքականությունը, գործ ունենք մարդու եւ դոնորի հետ, այսօր ընդհանրապես բարի օր է եւ պետք է նաեւ լրագրողները դրական լիցքերով ներշնչվեն»։

Նշենք, որ ՀՅԴ–ից արյուն հանձնեց միայն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, իսկ «Ելք» դաշինքից՝ միայն խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ծառուկյան» դաշինքից մասնակցեցին Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը եւ եւս մեկ պատգամավոր։ Հատկապես ակտիվ էին ՀՀԿ–ական պատգամավորները։