Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այսօր՝ հունիսի 15-ին, նշում է Ս. Հովհաննես Կարապետի եւ Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաեւ Էջմիածնի Ս. Շողակաթի վանքի ուխտի օրն է:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ այս առիթով, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի եւ Ս. Շողակաթի վանք կտարվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասունքակիր թափորը դեպի վանք կուղղվի ժամը 10:20-ին:
Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաեւ Անդաստանի արարողություն:
Qahana.am-ի փոխանցմամբ, Աթանագինեն Սբ. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, որը հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, որոնք ամփոփում է Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետեւ վկայարաններ կառուցում: Բագավանում Տրդատ թագավորին ու արքունիքի պալատականներին մկրտելուց հետո Լուսավորիչը Սբ. Պատարագ է մատուցում եւ պատվիրում, որ ամեն տարի ամանորի աստծու` Հյուրընկալ Վանատուրի տոնի փոխարեն Սբ. Հովհաննես Մկրտչի եւ Սբ. Աթանագինեի հիշատակները տոնեն:





























