Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ծիծաղելի գումարով` 100 հազար դրամով (300 դոլարից պակաս) տուգանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` Ողջի գետ 50 տոննա պոչհանքի արտահոսքի համար: Այս մասին հայտնում է «Էկոլուրը»:
Շրջակա միջավայրին հասցված վնասը սակայն մի քանի անգամ բարձր է գնահատվել` 650 հազար դրամ (մոտ 1800 դոլար):
Ինչպես հայտնի է, ձեռնարկության պոչերը պարունակում են քիմիկատներ, որոնք օգտագործվում են հանքանյութի հարստացման ընթացքում: Բացի այդ, պոչերում առկա են հանքանյութին բնորոշ բոլոր մետաղները` պղինձ, մոլիբդեն, ինչպես նաեւ այնպիսի խառնուրդներ, ինչպես ռենիում, սելեն, տելլուր, բիսմուտ: Այս բոլոր մետաղներն առողջության եւ շրջակա միջավայրի համար համարվում են տոքսիկ:
Հայտնի չէ, թե ի՞նչ նորմերով է ղեկավարվել բնապահպանական պետական տեսչությունը, ի՞նչ վերլուծություններ է անցկացրել եւ ինչպե՞ս է որոշել վնասը եւ տուգանքի չափը: Օրինակ` արդյոք, անցկացվե՞լ է Ողջի գետի հատակից վերցված նմուշի վերլուծություն, որտեղ նստվածք են տալիս մետաղները: Անցկացվե՞լ է նմուշների վերլուծություն զարգացման մեջ, օրինակ` վթարի առաջին օրը, երկրորդ օրը, մեկ շաբաթ անց: Ո՞ր տարրերի պարունակությունն է գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ո՞ր տեղերում, վթարից հետո քանի՞ օրվա ընթացքում:
Էկոլոգների մտահոգությունների հետ համակարծիք է Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն: Կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանն ասում է, որ ռիսկի տակ է ամենից առաջ Կապանի բնակչությունը, քանի որ Ողջի գետը հոսում է քաղաքի միջով եւ ոռոգում մի շարք համայնքների գյուղատնտեսական հողեր:





























