Արդեն հինգերորդ տարին Հայաստանում անցկացվում է Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթը։ Այն հանդիսանում է Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակաշխության (ՀԳՄ/WSA) տեղական փուլը, որի հաղթողները դրամական մրցանակ են ստանում, իսկ լավագույնները մեկնում արտերկիր՝ ՀԳՄ եզրափակիչ փուլին մասնակցելու։
Սակայն այս տարի առաջին անգամ Հայաստանում, գրեթե նույն ժամանակահատվածում, մեկնարկել է մեկ այլ մրցույթ եւս՝ ArmNet Awards ինտերնետ կայքերի մրցանակաբաշխությունը: Նոր մրցույթը, սակայն, դժգոհություն է առաջացրել Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի կազմակերպիչների շրջանում։
«Էլեկտրոնային ոլորտում որքան շատ մրցույթներ լինեն, այնքան լավ, սակայն նոր կազմակերպվող մրցույթները պետք է հարգեն նախորդներին»,- NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի նախագահ, Էլ- բովանդակության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Գարեգին Չուգասզյանը։ Նրա խոսքով՝ նոր մրցույթների կազմակերպիչները պետք է հարգեն նախորդներին եւ մրցույթն անցկացնեն այլ ժամանակահատվածում։
Գ. Չուգասզյանի խոսքով՝ տարիներ շարունակ իրենց մրցույթը անցկացվել է տարեվերջին։
Համահայկական մրցանակաբաշխություն ինտերնետ կայքերի ոլորտում` ArmNet Awards մրցույթի համակարգող Ժիրայր Թերզյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում նախ զարմացավ Գ. Չուգասզյանի ասածների կապակցությամբ, իսկ հետո ավելացրեց շատ կարճ. «Միանշանակ, մենք հարգում ենք»։
Նշենք, որ էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Էլ.բովանդակության ասոցիացիան, գլխավոր հովանավորը`ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ ընկերությունը, հովանավորներն են ՀՀ կառավարությունը, Հայաստան հիմնադրամը, «Այքոն Քոմյունիքեյշոն» ընկերությունը և ՀՀ կառավարությանն առընթեր ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդը:
Իսկ ArmNet Awards ինտերնետ կայքերի մրցանակաբաշխության կազմակերպիչներն են SPMS ընկերությունը, Circle.am կայքը եւ Orange-Armenia ընկերությունը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո:




























