Հայաստանի  վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 26-ին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի նոր` վերակառուցված եւ տեխնիկապես վերազինված մասնաշենքի բացմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նոր Նորքի անձնագրային բաժանմունքը կապիտալ վերանորոգվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում իրականացվող շարունակական բարեփոխումների արդյունքում, որոնց շրջանակում նախատեսվում է տարածքային  անձնագրային ծառայությունների վերակառուցում ու տեխնիկական վերազինում:

ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ նոր մասնաշենքի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո շրջել է վերանորոգված բաժանմունքի սենյակներով, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ քաղաքացիների սպասարկման հետ կապված նորամուծություններին:

Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Նորամուծությունները հնարավորություն են տալու ՀՀ քաղաքացիներին ստանալ ավելի լիակատար տեղեկատվություն, ունենալ ընտրության հնարավորություն, ինչպես նաեւ օգտվել այլընտրանքային աղբյուրներից:  Վճարումներն իրականացվելու են  էլեկտրոնային եղանակով, եւ կոռուպցիոն ռիսկերն այդ պարագայում իսպառ բացառվում են: Կտրոնն ստանալով` քաղաքացին այն միանգամից  ներկայացնում է սպասարկողին: Այսինքն` սրանով ոչ միայն որակյալ ծառայություններ են մատուցվելու, այլեւ կոռուպցիոն ռիսկերն են էապես նվազելու»: Խոսելով բարեփոխումների շարունակականության կարեւորությունից` վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ արվելու է առավելագույնը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բոլոր բաժանմունքներում նման ծառայություններ մատուցելու համար:

Նշենք, որ Նոր Նորքի նորակառույց անձնագրային բաժանմունքը վերազինված է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչն էլ կնպաստի քաղաքացիների առավել քաղաքակիրթ, արդյունավետ եւ թափանցիկ սպասարկման ապահովմանը: