Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծել են ապակիների էներգախնայող նոր թաղանթի նմուշներ: NEWS.am-ի հետ զրույցում մշակողների խմբի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանը նշեց, որ դրանք ջերմամեկուսացնում են ապակին, որն այսօր մնում է պատուհանների ջերմամեկուսացման թույլ օղակը:

Պատուհանների փեղկերի մեկուսացումը շատ է կատարելագործվել, բայց ապակու միջով ջերմությունն ազատ դուրս է հոսում: Սա հատկապես «ջերմաքամ» է անում այն օֆիսային համալիրները ու հյուրանոցները, որոնց ֆասադները ապակեպատ են:

«Մեր ստացած թաղանթը ջերմամեկուսացնում է ապակին, իսկ սենյակի լուսավորությանը չի խանգարում, ընդամենը աննշան մգություն տալիս», - ասում է գիտնականը:

Ըստ Փանոսյանի, նոր միացությունը աշխարհի համարժեքներին գերազանցում է ջերմամեկուսացման գործակցով. 70-80%-ի փոխարեն այն պահպանում է ջերմության 90%-ը: «Բացի դրանից, նրանք նստեցնում են թաղանթի 10-12 շերտ, իսկ մենք` ընդամենը 3: Այսինքն` մեր տեխնոլոգիայով նյութական ծախսն էլ է ավելի ցածր», - հավելեց Փանոսյանը:

Փորձանմուշները պատրաստվել են մի քանի քառակուսի սանտիմետրանոց ապակիների վրա, քանի որ մեծ մակերեսները պահանջում են արտադրական հոսքագծեր:

«Դրանք, բնական է, մեզ համար հասանելի չեն: Կփորձենք համագործակցել խոշոր արտադրողների կամ շինարարների հետ », - հավելեց Փանոսյանը: