Ֆրանսիայի սենատը հավանություն է տվել 2011 թվականից Online գովազդի համար հարկ մտցնելու մասին օրինագծին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով France-Presse գործակալությանը: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի, եթե այն հավանության արժանանա նաեւ խորհրդարանի ներքին պալատում:
Ենթադրվում է, որ նոր հարկի դրույքաչափը կլինի 1 տոկոս: Փորձագետների գնահատականներով ամենամյա եկամուտն այդ հարկից կկազմի 20 մլն եվրո:
Գործակալությունը նշում է, որ այդ նորամուծությունը ֆրանսիական լրատվամիջոցներն արդեն անվանել են «Google-ի հարկ», քանի որ այն առաջին հերթին վերաբերելու է խոշոր պորտալներին:
Ֆրանսիական իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ը կամ Yahoo!-ն, ինտերնետային գովազդի համար հարկ կվճարեն միայն այն երկրում, որտեղ գրանցված է իրենց գլխավոր գրասենյակը:
Ինչպես հաղորդում է TechEye պորտալը, այս նախաձեռնության դեմ արդեն հանդես են եկել տեղի գովազդատուները: Նրանց կարծիքով, դա կազդի երկրի տնտեսության վրա, քանի որ կկրճատվի ֆրանսիական ընկերությունների գովազդի, հետեւաբար նաեւ նրանց վաճառքի ծավալները:
Ներկայումս Ֆրանսիայում գործում է հեռուստատեսությամբ ցուցադրվող եւ մամուլում տպագրվող գովազդի հարկ, որի շնորհիվ երկրի բյուջեն լցվում է շուրջ 70 մլն եվրոյով:
2008-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է հարկ մտցնել նաեւ ինտերնետ հասանելիության եւ բջջային հեռախոսների օգտագործման համար: Այդ եկամուտներն, ըստ նախագահի, կնպասեին, որ հեռուստատեսությունն ազատվի գովազդի առկա ծավալներից:





























