ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ  Տարասյանը Իրանի առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատում հանդիպել է Իրանի առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի փոխնախագահ պարոն Քարբասիի հետ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է հայ-իրանական առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, առեւտրաշրջանառության ծավալի աճը, երկու երկրներում գործող գործարարների համար նպաստավոր պայմանների ստեղծումը եւ առեւտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել փոխադարձ առեւտրում առկա ոչ սակագնային կարգավորումների վերաբերյալ, ինչը կբարձրացնի երկու երկրների  գործարարների իրազեկվածությունը եւ կնպաստի արտահանման ծավալների աճին:

Էմիլ Տարասյանը ներկայացրել է նաեւ ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունները եւ նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: