Բրազիլիայի իշխանությունները նոյեմբերի 26-ին փակել են Ռիո Դե Ժանեյրոյի մի հատվածի օդային տարածքը` ոստիկանական հատուկ գործողության ընթացքում: Խոսքը գնում է քաղաքի հյուսիսային` աղքատ շրջանների մասին, որտեղ թաքնվում են թմրամաֆիայի գրոհայինները:
Այդ տարածքում թռիչքներ կարող են իրականացնել միայն ոստիկանության եւ զինված ուժերի ուղղաթիռները: Նախօրեին` նոյեմբերի 25-ին երկրի առաջատար հեռուստաալիքները ուղղաթիռներից ռեպորտաժներ են կազմակերպել ոստիկանության գործողությունների մասին, որի ժամանակ տանկերի օգնությամբ գրավել են Վիլա Կրուզեյրո հետնախորշը, որը քաղաքացիների շրջանում հայտնի է որպես կազմակերպված հանցագործությունների որջ, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Իրավապահ ուժերի օգնությամբ, այսօր Ռիա Դե Ժանեյրո են ժամանել 800 զինծառայողներ: Սա քաղաքի պատմության մեջ ամենախոշոր գործողությունն էր կազմակերպված հանցագործությունների դեմ: Նախօրեին Ռիո Դե Ժանեյրոյի ոստիկանությունը տանկեր էր մտցրել քաղաքի հյուսիսային շրջաններ թմրամաֆիայի գրոհայինների դեմ պայքարելու համար:
Ոստիկանության պաշտոնական տվյալներով, կիրակի օրը փոխհրաձգության հետեւանքով սպանվել է 25 մարդ: Իշխանությունները վստահեցնում են, որ նրանց մեծամասնությունը եղել են թմրամաֆիայի գրոհայիններ, ովքեր զինված դիմադրություն են ցույց տվել:
Երեք ոստիկաններ վիրավորվել են: Կազմակերպված հանցագործությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 192 մարդ: Հանցագործները, ընդհանուր առմամբ, քաղաքում այրել են շուրջ 96 ավտոմեքենա, այդ թվում ավտոբուսներ:





























