Հայտնի երաժիշտ եւ հասարակական գործիչ Նորայր Եղոյանը Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին ոչ ճիշտ տեղեկության համար մտադիր է դատի տալ «Ռուսական մեծ հանրագիտարանի» հեղինակներին:

«Հանրագիտարանում նշված է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Սպիտակում եւ որ դրա ժամանակ զոհվել է 25 հազար մարդ: Բայց դա ճիշտ չէ: 25 հազար մարդ զոհվել է ամբողջ Հայաստանում: Սպիտակում մահացել է շուրջ 4 հազար մարդ, իսկ ահա Գյումրիում` ավելի քան 17 հազար մարդ»,- նշել է Եղոյանը:

Նրա կարծիքով, սա շատ սկզբունքային հարց է, քանի որ տարիների ընթացքում լրատվամիջոցներից շատերն այդ երկրաշարժը կոչում են Սպիտակի: Տարերքի հիմնական ուժն իր վրա վերցրած Գյումրին հպանցիկ է հիշատակվում: «Ռուսաստանցիներից շատերը վստահ են, որ միայն Սպիտակն է տուժել երկրաշարժից: Ես բոլոր զոհերի առջեւ իմ պարտքն եմ համարում ուղղել այդ սխալը»,- հայտարարել է Եղոյանը, հայտնում է ռուսաստանահայերի «Երկրամաս» թերթը: