Հայաստանի Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ օտարերկրյա կառույցների գնահատականները, ներկայացրել է միջազգային ապրանքայի շուկաների գնային կանխատեսումներ։

Ըստ այդմ՝ միջազգային ապրանքային շուկաներում 2010 - 2011 թթ. գները կպահպանվեն երրորդ եռամսյակի վերջում ձեւավորված բարձր մակարդակում:

2010 – 2011 թթ. կանխատեսվում է նավթի միջազգային գների սահմանափակ աճ, որը կձեւավորվի 80 - 85 ԱՄՆ դոլարի շրջակայքում: Սա հիմնականում պայմանավորված է համաշխարհային տնտեսության ու հատկապես զարգացող երկրների տնտեսության վերականգնման պարագայում նավթի համաշխարհային պահանջարկի որոշակի աճով։

Ակնկալվում է նաեւ թանկարժեք եւ արդյունաբերական մետաղների գների չափավոր աճ: Մասնավորապես՝ պղնձի միջազգային գները կտատանվեն 1տոննա/8000 դոլարի սահմաններում, իսկ ոսկու գինը կկայունանա չորրորդ եռամսյակի սկզբում ձեւավորված 1350 դոլարի շուրջ` 1 ունցիայի դիմաց:

Ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա հացահատիկի շուկայումգները հիմնականում կպահպանվեն պատմականորեն ձեւավորված բարձր մակարդակում` դրսեւորելով չափավոր աճ: Սա պայմանավորված է առաջարկի եւ պահանջարկի` ապագայում սպասվող համադրելի աճով: Այսպես, համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի գնահատումների, 2010/2011 տարվա համար սպասվում է մոտ 641 մլն տոննա հացահատիկի բերք (նախորդ` 2009/2010 տարում մոտավոր գնահատումներով ստացվել է մոտ 682 մլն տոննա): Կանխատեսվող սպառման` շուրջ 663 մլն տոննայի պայմաններում, հացահատիկի համաշխարհային պաշարները նախորդ տարվա նկատմամբ կնվազեն մոտ 22 մլն տոննայով` կազմելով 175 մլն տոննա: Արդյունքում հացահատիկի գները 2010 – 2011 թթ. կձեւավորվեն 1 բուշելի դիմաց 7.5 - 7.8 ԱՄՆ դոլարի միջակայքում:

Մյուս պարենային ապրանքներից՝ շաքարավազի միջազգային գները եւս հիմնականում կդրսեւորեն աճի միտումներ ու 2010 – 2011 թթ. կպահպանվեն երրորդ եռամսյակի վերջին ձեւավորված բարձր մակարդակում: Սա պայմանավորված է Հնդկաստանում եւ Բրազիլիայում բերքի արտահանման հետ կապված հիմնախնդիրներով: Ինչ վերաμերում է բրնձին, ապա չնայած կանխատեսվող ռեկորդային` շուրջ 452.5 մլն տոննա բերքին, համաշխարհային մեծ պահանջարկը, ինչպես նաեւ հիմնական արտադրող երկրներում (հատկապես Հնդկաստանում) եղանակային ոչ նորմալ պայմանների պատճառով բերքի սպասվող ծավալների հնարավոր կրճատումները կպայմանավորեն բրնձի միջազգային գների չափավոր աճ: