Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի»  հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 26-ին Շիրակի եւ Լոռու մարզերում ծանոթացել է «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերակառուցվող դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի եւ Լոռու մարզպետներ Ա. Գիզիրյանի եւ Ա. Քոչարյանի, «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հ. Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղել է Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կյանք եւ Արեւշատ գյուղերի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1 եւ Վանաձորի թիվ 22 դպրոցներում: Ներկայացվել է, որ աշխատանքներն ընթանում են ողջ ծավալով եւ ըստ սահմանված ժամանակացույցի. արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 35 տոկոսը:

Այս տարվա հունիսից մեկնարկած աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011թ. վերջին, սակայն հնարավոր է համարվել, որ դպրոցներն արդեն պատրաստ լինեն հաջորդ ուսումնական տարվա սկզբին: Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց իրականացվող աշխատանքների որակը` նշելով, որ ժամկետից շուտ ավարտը չպետք է լինի որակի հաշվին: Նա նաեւ հիշեցրեց, որ ծրագիրն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով «Դպրոցաշինություն» ծրագիրն իրականացվում է Շիրակի եւ Լոռու մարզերում` յուրաքանչյուր մարզում ընդգրկված է երեքական դպրոց: