XXI դարի նոր սուպերզենքը կդառնան ոչ թե ատոմային կամ ջերմամիջուկային ռումբերը, այլ արհեստական ինտելեկտի ինքնուսուցվող համակարգերը, որոնք արդեն այսօր մշակում են աշխարհի առաջատար տերությունները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆրանսիացի ֆուտուրոլոգ Ժան Քրիսթոֆ Բոնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Նելսոն Մանդելան 1995 թվականին գրել է, որ XXI դարի գլխավոր զենքը կդառնա կրթությունը, որը կփոխարինի միջուկային զենքին եւ XX դարի զանգվածային խոցման այլ զենքերին. «Իրականում, ինձ թվում է, այդ զենքը կդառնան արհեստական ինտելեկտի համակարգերը. դրանց աշխատանքի համար, ի տարբերություն ատոմային ռումբի, ո՛չ ուրան է պետք, ո՛չ գործարաններ, ո՛չ այլ դժվարհասանելի բաներ, այլ միայն կրեմնիում եւ էլեկտրականություն»:
Գիտնականը նշել է, որ արհեստական ինտելեկտի համակարգերի ստեղծման կամ մշակման փաստին անհնար է հետեւել, ինչպես ԱԷՄԳ-ը կամ միջուկային այլ գերատեսչությունները Հյուսիսային Կորեայի կամ Իրանի մի շարք գաղտնի օբյեկտների մոտ հետեւում են ուրանի, պլուտոնիումի կամ այլ ռադիոնուկլիդների հետքերին: Ուստի նման «սուպերզենքի» հայտնվելը չափազանց դժվար է կանխատեսել կամ նույնիսկ անհնար. «Ֆրանսիայի, Իսրայելի եւ շատ այլ երկրների քաղաքական գործիչները եւ ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները հերքում են, որ նման համակարգեր են մշակում կիբերպատերազմներ վարելու համար: Մենք պարզապես չենք կարող ստուգել՝ արդյո՞ք իրականում այդպես է: Բայց, իմ կարծիքով, այդ մշակումները կատարվում են, եւ սա առաջատար տերությունների մեծ մասի գլխավոր ռազմավարական խնդիրն է»:





























