Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ եւ արտացոլում է մեր հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ եւ ծաղկուն դարձնելու գործում:

Իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ Թալիշի վերականգնումը դարձել է մեր պետության կարեւոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը, եւ այս ծրագիրն անպայման կյանքի է կոչվելու:

«Նման հուշարձանը նաեւ պատգամ է աշխարհին, որ հայի կամքն անկոտրում է, սեփական ուժերի նկատմամբ հավատքը՝ անսասան, լավատեսությունը՝ անսպառ: Բարբարոսությանը մենք պատասխանում ենք ապրելու, արարելու, կառուցելու ներուժով եւ մեր միասնականությամբ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Արարողության ընթացքում նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել Սիսիանի ջոկատի մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: