ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նա շրջել է դասասենյակներով, լաբորատորիաներով, ծանոթացել աշակերտների համար նախատեսված դասընթացների բովանդակությանը:

Այնուհետեւ ՀՀ նախագահն այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող «Պիկսարտ» (PicsArt) ընկերության գրասենյակ, որը գործունեություն է ծավալում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարեւանությամբ՝ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում:

2011թ. ԱՄՆ-ում հիմնադրված «Պիկսարտ» ընկերությունը ներկայումս գրասենյակներ ունի Սան-Ֆրանցիսկոյում, Տոկիոյում եւ Երեւանում: 
Ընկերության համահիմնադիրների եւ ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյաների ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել «Պիկսարտ» ընկերության հայաստանյան գրասենյակում՝ ծանոթացել հիմնումից ի վեր անցած երեք տարիների ընթացքում ընկերության ձեռքբերումներին, առաջիկա տարիների զարգացման ծրագրերին եւ նպատակներին, որոնցից «Պիկսարտ»-ում կարեւորում են հատկապես արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ճյուղերի զարգացումը:

Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, այն կխթանի ՀՀ ՏՏ ոլորտի զարգացումն ու կնպաստի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաեւ միջազգային ներդրումների ներգրավմանն ու հայկական նոր ստարտափ ընկերությունների ստեղծմանը։