ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող կողմերի միջեւ քաղաքական երկխոսությունը շարունակելու հույս ունի: Ըստ haqqin.az-ի՝ այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Այդ հարցը մենք քննարկել ենք ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում: Այդ քննարկումների արդյունքներով կարելի է ասել, որ երկու երկրների նախագահները կողմ են խաղաղ բանակցությունները շարունակելուն»,- ընդգծել է Իգոր Պոպովը:

Նա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուրջ մտահոգությունն է փոխանցել՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի հետ: «Մինսկի խմբի միջնորդները խորը անհանգստություն են հայտնում շփման գծում վերջին լարվածության հետ կապված»,- հայտարարել է Պոպովը՝ հավելելով, որ միջնորդներն այդ հարցը քննարկել են Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպումներում:

«Մենք շատ ենք ցավում հրադադարի ռեժիմի լուրջ խախտումների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել տարածաշրջան եռանախագահների այցի նախաշեմին: Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի: Մեզանից կախված ամեն ինչ կանենք՝ լարվածությունը թուլացնելու համար»,- ընդգծել է Իգոր Պոպովը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտող կողմերին ուղղված վերջին ուղերձը նպատակ ուներ նվազեցնել լարվածությունը շփման գծում: