Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը շատ լավ նախարար է, ճիշտ աշխատանքային գործունեություն է ծավալում եւ անհիմն են նրան ուղղված մեղադրանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը՝ անդրադառնալով Գյուղնախարարության բուսասանիտարիայի տեսչության նախկին պետ, նախկին ՕԵԿ-ական Վռամ Գյուլզադյանի մեղադրանքներին: Վերջինս NEWS.am-ի հետ զրույցում մի շարք որակումներ է տվել նախարարին՝ նրան անվանելով «մանկամիտ», «հոգեկան հիվանդ» եւ մեղադրելով չարաշահումների մեջ:
«Գերասիմ Ալավերդյանն իր աշխատանքային կենսագրության մեջ երբեք կոնֆլիկտներ չի ունեցել: Իսկ այն, ինչ ասում է Գյուլզադյանը, մեկնաբանության կարիք չունի»,-ի պատասխան հայտարարեց Աղաջանյանը: Ինչ վերաբերում է Գյուլզադյանի այն հայտարարությանը, թե ինքն ՕԵԿ-ից դուրս է եկել այն ժամանակ, երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՕԵԿ նախագահին անվանեց դավաճան, Աղաջանյանն այսպես արձագանքեց. «Այդ մասին բազմիցս խոսվել է, այդ հարցերին պատասխան է տրվել: Ովքեր որ ՕԵԿ-ից դուրս են եկել, Աստված իրենց հետ, մենք նրանց հետեւից ոչ մի առիթով, ոչ մի անգամ խոսք չենք ասել: Մի քանի հոգու հեռանալը կուսակցությունից ՕԵԿ-ի համար ոչ մի նշանակություն չի ունեցել եւ չի ունենալու: ՕԵԿ-ը հզոր է եւ շարունակելու է իր ճանապարհը՝ իր նվիրյալ անդամներով: Իսկ թե ինչպիսին է ՕԵԿ-ը, թող եզրակացնեն լսողներն ու կարդացողները»:
Բուսասանիտարիայի տեսչության պետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե գյուղնախարար է նշանակվել «մանկամիտ» Ալավերդյանը, «քանի որ ՕԵԿ-ում այլեւս լուրջ մարդ չի մնացել»: «Նա այդպիսի բան ասած չի լինի, երեւի դուք էք ավելացնում»,-արձագանքեց ՕԵԿ քարտուղարն ու հավելեց. «Մենք ժամանակին ՕԵԿ նախկին անդամների հետ նստել ենք, աղ ու հաց ենք կիսել, նորմալ հարաբերություններ ենք ունեցել: Կուսակցությունը մեկ, երկու, երեք չէ, կուսակցությունը տասնյակ հազարներն են: Կուսակցության անդամները կարող են գալ ու գնալ, սակայն կուսակցությունը միշտ մնում է եւ իր ծանրակշիռ խոսքն է ասում քաղաքականության մեջ»:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով ծառայողական քննությունից հետո տվեց իր համաձայնությունը` Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատվելու հարցում: Նրան մեղադրում են իր պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ մի շարք նախարարությունների, այդ թվում` գյուղնախարարությանը, քննադատել էր պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար: Իսկ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին հանձնարարել էր «լուծել բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»:




























