Ազգային Ժողովում Կառավարության ծրագրի քննարկումն իմաստ կստանա, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հստակ հայտարարի՝ ով է ինքը եւ ինչպիսի դերակատարում է ինքն իրեն վերապահում առաջիկա քաղաքական շրջանում: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Ազգային Ժողովում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Խաչաձեւ հարցաքննության արդյունքում վերջապես հասկացանք, որ պատրաստ է լինել ՀՀ վարչապետ: Սա ինչ-որ պատասխան է , բայց ընդամենը 10 տոկոսով: Ի՞նչ է լինելու, եթե պարզվի, որ այդ պաշտոնը ստանձնելուն պատրաստ է նաեւ Սերժ Սարգսյանը, կամ Սերժ Սարգսյանը պատրաստ է, որ այդ պաշտոնը ստանձնի Վիգեն Սարգսյանը: Մայիսի 18-ին Սերժ Սարգսյանն այս ամբիոնից խոսում էր որպես ոչ թե հեռացող նախագահ, այլ մոտեցող վարչապետ: Այս ծրագրի քննարկումն իմաստ կստանա մի պարագայում, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հստակ հայտարարի՝ ով է ինքը եւ ինչպիսի դերակատարում է ինքն իրեն վերապահում առաջիկա քաղաքական շրջանում, ինչու է ինքը 2016թ. ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ արդյոք Կարե Կարապետյանը 2016թ. վարչապետի պաշտոնը չի ստանձնել Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովելու համար:
«Մինչեւ հիմա վարչապետի արած քայլերը խոսում են այս մասին: Ամեն ինչ շատ նման է նրան, որ այսօր մենք ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին եւ գործունեության ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացին՝ Մավրը արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա»,-ասաց նա:











