Ադրբեջանական լրատվամիջոցները՝ այդ երկրի Պաշտպանության նախարարության մատուցմամբ, տղամարդու մասնակցությամբ տեսագրություն են տարածել, որին ադրբեջանական կողմը որպես «ՀՀ ԶՈՒ զինծառայող» է ներկայացնում։

Տեսագրությունում արձանագրված է հարցաքննությունը։ Անմեղսունակ թվացող կասկածյալը կոտրատված հայերենով հայտնում է, որ ինքը Զավեն Հովհաննեսի Կարապետյանն է, ծնվել է, իր խոսքով, 1874 թվականի նոյեմբերի 16-ին, Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում։ Նրա պնդմամբ՝ ինքն այնտեղ է բնակվում։

Տղամարդը «խոստովանում է», որ պայմանագրային զինծառայող է եւ նախօրեին իբր թե դիվերսիայի է մասնակցել։

Նշենք, որ Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ նման մարդ իրենց գյուղում չի բնակվում։

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստանի ԶՈՒ զինծառայողի գերի ընկնելու մասին հաղորդագրությունները ապատեղեկատվություն է անվանել։