Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղում այցելել են ադրբեջանցի դատապարտյալներ Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին եւ նրանց հնարավորություն ընձեռել հարազատների հետ ընտանեկան բնույթի նորություններ փոխանակելու: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:
«Այցելությունն իրականացվել է ԿԽՄԿ-ի ստանդարտ ընթացակարգերի շրջանակում: Մանդատի համաձայն` ԿԽՄԿ-ն դատապարտյալներին այցելում է նրանց պահման պայմանների եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորիգի նպատակով, ինչպես նաեւ այն նպատակով, որպեսզի դատապարտյալները ընտանիքների հետ կապ պահպանելու հնարավորություն ունենան»,- նշեց ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:
Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:
Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել:





























