Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը NEWS.am-ին պարզաբանումներ է տվել` կապված աշխատանքից ազատված Բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանի հայտարարությունների հետ:

Պարոն նախարար,  Բուսասանիտարիայի տեսչության պետը Ձեզ է մեղադրում իր՝ աշխատանքից ազատվելու հարցում, նշելով, որ Դուք իրեն ծուղակն եք գցել: Ըստ այդմ՝ թունաքիմիկատների վաճառքով զբաղվող խանութներում ստուգումներ իրականացնելու հանձնարարությունը, որը բուսասանիտարիայի տեսչության լիազորությունների մեջ է մտնում,  տվել եք մեկ այլ կառույցի՝ լիցենզավորման վարչության պետին: Փաստորեն, այսպիսով, սարքել եք Գյուլզադյանի գլխին՝ նրան աշխատանքից ազատելու համար: Ճի՞շտ է: 

Իհարկե ոչ: Ցանկացած աշխատակցի աշխատանքի մասին ես կարող եմ բնութագիր տալ եւ իմ համար նշանակություն չունի անձնական, անձնային հատկությունները, իմ համար նշանակություն ունեն մասնագիտական կարողությունները: Ինչ վերաբերում է թունաքիմիկատների խանութների ստուգումներին, այո, ես հանձնարարականը տվել եմ լիցենզավորման վարչությանը՝ Պետրոսյան Տիգրանին, որը հստակ այդ աշխատանքը իրականացրել է: Ես հիմա չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ: Ես հիմնականում ասացի, որ իր (Գյուլզադյանի-խմբ.)  ասածները իրականությանը չի համապատասպանում, այս է խնդիրը:

Գյուլզադյանը այլ մեղադրանքներ էլ է հնչեցրել Ձեր հասցեին...

Մեղադրանքները չեն հնչեցնում, մեղադրանքները ուղարկում են իրավապահ մարմիններին, ինչպես ես ուղարկեցի իրավապահ մարմիններին Գյուլզադյանի աշխատանքների հետ կապված. ե՜ւ դատախազություն, ե՜ւ ազգային անվտանգության ծառայություն, ե՜ւ քաղծառայության խորհուրդ:

Այնուամենայնիվ, անդրադառնամ Գյուլզադյանի հնչեցրած մեղադրանքներից մեկին՝ կապված մորեխների դեմ պայքարի հետ: Ըստ այդմ՝ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մորեխների դեմ պայքարի համար իրականացված մոնիտորինգի արդյունքները կեղծվել են. այդ տարածաշրջանում մորեխներ չեն եղել, սակայն դրանց դեմ պայքարի համար գումար է դուրս գրվել՝ 18 միլիոն դրամի չափով:

Մորեխների դեմ պայքարի միջոցառումն իրականացվել է ամենալուրջ պատրաստվածությամբ, պատասխանատվությամբ: Այդ աշխատանքներն իրականացվել են, ինչպես ես իմ հեռուստաելույթներում եմ ասել, հետեւյալ կերպ. մեր մոնիտորինգի ծառայությունը ներկայացնում է մոնիտորինգի արդյունքները, թե որ մարզում մորեխների ինչ տարածվածություն կա: Տարածվածությունը համարվում է ուժեղ, եթե մեկ քմ-ի մեջ 10-ից ավելի մորեխ կա: Եւ այդ խնդիրը հավաստում են նաեւ մարզպետարանի համապատասխան աշխատակիցները: Տեսուչների միջոցով ճշտվում են մոնիտորինգի արդյունքները, դրանից հետո իրականացվում է մրցույթ, մրցույթից հետո համապատասխան կարողություններ ունեցող կազմակերպությունները աշխատանքներ են իրականացնում: Արդյունքների մասին կրկին մոնիտորինգ է իրականացվում, արդյունքների մասին իրազեկում են համապատասխան մարմնին, որից հետո մենք կատարում ենք վճարումներ: Սա է ամբողջ գործընթացը:  Թե ով ինչ հայտարարություն է արել, դա մեր խնդիրը չէ:     

Հ.Գ. NEWS.am-ի մի քանի այլ հարցերի նախարարը խոստացավ պատասխանել առաջիկա օրերին:

 

Զրուցեց Հեղինե Մանուկյանը