Ֆրանսիական համալսարանի՝ աշխատանքից ազատված դասախոսների գործով հերթական դատական նիստում հայցվոր կողմը պահանջել է, որպեսզի համալսարանը դատարան ներկայացնի դասախոսների արձակուրդայինների հրամանները եւ հրամանագրքերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ֆրանսիական համալսարանից ազատված դասախոսների փաստաբան Հերմինե Ահարոնյանը։
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում, նրա խոսքով, պատասխանող կողմը պետք է ներկայացներ իր կողմից արդեն 7 տարի չվճարված արձակուրդայինների մասին վկայող փաստաթուղթը։ «Այնինչ, համալսարանի փաստաբանը միշտ ներկայացնում է միեւնույն՝ իրենց կողմից կազմված ինչ-որ աղյուսակ՝ պնդելով, թե Ֆրանսիական համալսարանը վճարել է ազատված դասախոսների արձակուրդայինները։ Մենք հակառակն ապացուցում ենք «Ագբա կրեդիտ ագրիկոլ բանկից» վերցված ֆինանսական քաղվածքներով։ Բանկի տեղեկանքներում արձակուրդայինների մասին տեղեկություններ չկան, իսկ նրանց փաստաբանն անընդհատ խուսափում էր դատավորի՝ գործի այդ մասին վերաբերող հարցերից եւ չի կարողանում հստակ պատասխաններ տալ դրանց»,- տեղեկացրեց դասախոսների փաստաբանը։
Վերջում Հերմինե Ահարոնյանը թերահավատություն հայտնեց, որ դեկտեմբերի 8-ին կայանալիք հաջորդ դատական նիստին համալսարանը դատարան կներկայացնի իրենց կողմից պահանջված հրամանագրքերը։
NEWS.am-ի թղթակցի փորձին՝ կապ հաստատել նաեւ Ֆրանսիական համալսարանի փաստաբան Հրանտ Գրիգորյանի հետ եւ ներկայացնել պատասխանող կողմի հակափաստարկները եւս, անհաջողության մատնվեցին։ Համալսարանում խուսափեցին փոխանցել վերջինիս հեռախոսահամարը՝ պատճառաբանելով, որ հանգստյան օրերին մարդկանց անհարկի չի կարելի անգհանգստացնել։
Նշենք, որ օգոստոսի սկզբին աշխատանքից ազատված Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներից 14-ն իրենց նախկին աշխատանքին վերականգնելու պահանջով դիմել էին դատարան։
Անի Ղազարյան




























