Վրաստանի Մառնեուլիի շրջանում կայացել է Վրաստանի ադրբեջանցիների Կոնգրեսի (ՎԱԿ) երկրորդ արտահերթ համագումարը, որի ժամանակ ընտրվել է Կոնգրեսի նոր առաջնորդ: Այդ պաշտոնը զբաղեցնող Ալի Բաբաեւը չի կարողացել մասնակցել համագումարին, քանի որ գտնվել է Գերմանիայում, որտեղ Ֆրանկֆուրտում մասնակցել է ադրբեջանական երիտասարդության առաջին Կոնգրեսին:
Համագումարի ժամանակ գրեթե բոլոր պատվիրակները դժգոհություն են հայտնել Բաբաեւի գործունեությունից:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Բայրամովը նշել է, որ ՎԱԿ-ի նախագահ Ալի Բաբաեւը ոչ մի միջոցառում չի կազմակերպել, ոչ մի նախագիծ կյանքի չի կոչել: «Անձամբ ես չեմ ուզում խոսել նրա մասին» -ասել է նա, նաեւ դժգոհելով, որ համագումարին չի մասնակցում ադրբեջանցի երիտասարդությունը:
Պատվիրակները բողոքել են նաեւ Կոնգրեսում առկա մթնոլորտից ու ամենաթողության միճակից: Ելույթների վերջում հնչել են Բաբաեւի եւ նրա վարչության հրաժարականի պահանջներ:
Համագումարում տեղի են ունեցել ընտրություններ, որոնց արդյունքում ընտրվել են ՎԱԿ-ի վարչության 27 անդամներ: Իսկ Կոնգրեսի ղեկավար է ընտրվել Քվեմո-Քարթլիի նահանգապետ Հուսեյն Յուսուֆովը:





























