Մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ արտակարգ դեպքն է տեղի ունենում Ստավրոպոլում: Նոյեմբերի 27-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են Ստավրոպոլի երկրամասի Ստեպնովսկի շրջանի  Իրգակլի գյուղի ղեկավար Լյուբով Կոկարեւայի տունը: Մեկ մարդ մահացել է, որի մարմինը դեռ պետք է ճանաչեն հարազատները:

Հայտնի է, որ Կոկարեւան զբաղվում էր գյուղում ուղղափառ եկեղեցու շինարարությամբ:

Ստեպնովսկի շրջանի ՆԳ բաժինը հաստատել է տեղի ունեցածը: «Միայն փորձաքննությունից հետո հնարավոր կլինի ասել, թե մահացածն, իսկապես, գյուղապե՞տն է, թե՝ ոչ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը, հավելելով, որ մինչ այս պահը հնարավոր չի եղել կապ հաստատել Կոկարեւայի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ստրավրոպոլի մարզի Զելենոկումսկ քաղաքի մի քանի երիտասարդներ որոշել են պաշտպանել չեչեններից բողոքած մի անչափահաս աղջկա, ում վերջիններս փորձել են ուժով նստեցնել իրենց ավտոմեքենան։

Մեքենայի սրահից գազային եւ իսկական ատրճանակներից կրակել են «պաշտպանների» ուղղությամբ։ Արդյունքում յոթ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Տուժածներից մեկին  վիրահատել են։

Հայտնի է, որ դեպքի վայրում գիշերը շուրջ 100 մարդ է հավաքվել, որոնց ոստիկանները համոզել են ցրվել։Կազակների եւ չեչենների միջեւ կոնֆլիկտ հրահրելու կասկածանքով չորս մարդ է ձերբակալվել։ Բոլոր ձերբակալվածները չեչեններ են։