Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է վարում ներգրավված կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող Զավեն Կարապետյանին այցելելու թույլտվություն ստանալու համար։ Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի Երեւանի պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք Կարմիր խաչի Բաքվի ներկայացուցչությունը Ադրբեջանի իշխանություններից ծանուցում ստացել է երկրի տարածքում Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի գտնվելու մասին։
Զառա Ամատունին նշեց, որ նման անձանց (հակամարտության հետ կապված անձանց) այցելությունը Կարմիր խաչի մանդատի շրջանակում է՝ Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանին սահմանին Հայաստանի ԶՈՒ զինծառայողի իբր թե գերի ընկնելու մասին։ Ավելի ուշ գերատեսչությունը տարածել է տղամարդու հարցաքննության տեսագրությունը, որտեղ տղամարդը թուրքական նմուշի զրահաբաճկոնով էր։ Տղամարդը հայտարարել է, թե ինքը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից է։ Սակայն այդ գյուղում նման անուն ազգանունով մարդ երբեք չի բնակվել։ Պարզվել է՝ նման մարդ բնակվել է Վանաձորում։ Մանկատանը մեծացած Զավեն Կարապետյանը հոգեկան խնդիրներ ունի։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ծանոթները նրա մասին տեղեկություն չեն ունեցել։





























