Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 27-ին Ծաղկաձորում ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ կուսակցության կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ:

Նախագայի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայռնում են, որ երկրի ղեկավարը, նաեւ որպես Կուսակցության նախագահ, ՀՀԿ 20-ամյակի առթիվ շնորհավորել է կուսակցական ընկերներին` կարեւորելով կանանց դերն ու ակտիվ գործունեությունը քաղաքական կյանքում: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համակուսակից կանանց հետ քննարկել նրանց բոլոր գաղափարներն ու նախաձեռնությունները, խրախուսել եւ աջակցել դրանց իրագործմանը:

«Մենք պահպանողական կուսակցություն ենք, եւ մեր արժեքային համակարգում ընտանիքը, երեխաները, իհարկե, ամենակարեւոր բաղադիրչներից են, բայց երբեք ոչ իմ, եւ ոչ էլ մեր կուսակցության ղեկավարության մտքով իսկ չի կարող անցնել, որ Հանրապետական կանանց գործունեությունը, կամ մեր հայ կանանց գործունեությունը պետք է սահմանափակվի ամուր, լավ ընտանիք ունենալով, երեխաների դաստիարակությամբ, կամ էլ ընտանեկան ջերմ մթնոլորտ ստեղծելով: Ոչ, բնավ ոչ: Մենք միշտ ընդգծել ենք կանանց ակտիվության անհրաժեշտությունը: Մեզ համար շատ մեծ շռայլություն կլիներ, եթե փորձեինք սահմանափակել կանանց հնարավորությունները: Ես բազմիցս ընդգծել եմ եւ հիմա էլ ասում եմ, որ, անշուշտ, մենք մշտապես տեղ ենք տվել մեր կուսակից կանանց, բայց դեռեւս այստեղ շատ մեծ անելիքներ ունենք: Միջին օղակներում, այո, կանանց մասնակցությունը բավականաչափ մեծ է, բայց, ինչպես կանայք, այդ թվում`Հանրապետական կանայք, այնպես էլ ամբողջ պետական համակարգը, պետք է տեսնեն, որ իրենք բարեխիղճ ծառայելու, բարեխիղճ աշխատելու ընթացքում զրկված չեն պաշտոնեական առաջխաղացումից: Սա շատ կարեւոր հանգամանք է: Եւ մենք արդեն տեսնում ենք մեր շարքերում առավել ակտիվ անձանց, այդ թվում` կանանց»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը կանանց կոչ է արել բաց ու անկեղծ երկխոսության եւ պատասխանել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին կյանքին առնչվող ամենատարբեր թեմաների, ինչպես նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը:

ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ եւ կուսակցական ակտիվ գործունեության համար Սերժ Սարգսյանը մի խումբ կանանց նաեւ պարգեւատրել է ՀՀԿ պատվոգրով: