Երեկ՝ նոյեմբերի 27-ի երեկոյան, ժամը 21-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանաարհի 30-րդ կմ-ի հատվածում՝ «Ուշիի ոլորաններ»-ում Volvo մակնիշի վրացական համարանիշներով բեռնատար մեքենան շուռ է եկել եւ գլորվել ձորը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Վալերի Իվանի Ատրիմրանան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի քաղաքային հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկանները, ինչպես նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչութան Աշտարակի քննչական բաժնի քննիչը:

Աշտարակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ի դեպ, շրջված բեռնատարում եղել են պարկեր՝ կակաոյի հատիկներով: Նախնական տվյալներով՝ մեքենայում 20 տոննայից ավել կակաո է եղել: Բեռն ամբողջությամբ թափվել է, եւ երբ ֆոտոլրագրող Շամշյանը փորձում էր լուսանկարել եւ տեսագրել, ինչ-որ մարդիկ խոչընդոտել եւ սպառնացել են խլել տեսախցիկը:

Սակայն վթարի վայրում գտնվող ՃՈ աշխատակիցների միջամտության արդյունքում հնարավոր է եղել տեսալուսանկարահանել:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի