Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը Հայաստան կատարած այցի ընթացքում նոյեմբերի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Նարիշկինը ծաղիկներ է դրել անմեղ սպանված հայերի հուշահամալիրին, ապա Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելել թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին եւ 20-րդ դարասկզբի Ցեղասպանության վկայություններին:
Սերգեյ Նարիշկինը գրառում է թողել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում:
Նա, մասնավորապես, գրել է. «Գլուխ եմ խոնարհում հայ ժողովրդի ազգային ողբերգության զոհերի առջեւ: Հուշահամալիրն անասելի տպավորություն է թողնում: Այստեղ խորը գիտակցում ես թե ինչ փորձությունների միջով է անցել հայ ժողովուրդը եւ ինչպիսի խիզախությամբ ու արժանապատվությամբ է վերականգնում իր հայրենի հողը: Եղբայրական Հայաստանին հաջողություն եւ բարգավաճում եմ մաղթում»:




























