Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2016-2017 ուսումնական տարվա փակման արարողությունը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հոգեւոր-կրթական հաստատությունների տեսչական, ուսուցչական անձնակազմը եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները:
Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետեւ բացման խոսքով հանդես եկավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Տեսուչ Հայր Սուրբը ներկայացրեց ուսումնական տարում ճեմարանի կյանքում արձանագրված ձեռքբերումները, որոնց թվում՝ ճեմարանի կայքէջի եւ տեսասկավառակի շնորհանդեսը, «Էջմիածին» երգչախմբի հոգեւոր համերգների կազմակերպումը Մոսկվայում եւ Գրոդնոյում, արտադասարանային տարբեր դասախոսությունների ու միջոցառումների անցկացումը արտասահմանյան եւ Հայաստանի մի շարք բուհերի դասախոսների կողմից, ճեմարանականների մասնակցությունը տարբեր սոցիալական ծրագրերի ու մշակութային ձեռնարկների։ Ճեմարանի տեսուչը կարեւոր ձեռքբերում նկատեց տարեսկզբին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ կառավարության հաստատմամբ ճեմարանում բացված ասպիրանտուրայի փաստաթղթային ու ծրագրային նախապատրաստական աշխատանքների ավարտը, նաեւ Հռոմի Արեւելյան համալսարանի հետ սկզբնավորվող համագործակցությունը։
Տեղեկացվեց, որ անցնող 2016-2017 ուսումնական տարում ճեմարանն ունեցել է 94 ուսանող, որոնցից 10-ը՝ շրջանավարտ, հաստատությունում դասավանդել է 63 դասախոս՝ 37 աշխարհական եւ 26 հոգեւորական:
Իր հաշվետու խոսքում Հայր Գարեգինը նաեւ անդրադարձավ հոգեւոր հաստատության առաքելությանը՝ նշելով. «Ճեմարանական կյանքում եթե մի բան պիտի սովորեն մեր սաները, ապա դա ի Քրիստոս առաքելագործության մեջ միասնականութիւնն է, հոգեւոր անանց ճշմարտության փնտրտուքի ճանապարհին: Ընդսմին, հոգեւոր կրթության շնորհիվ ստանում ենք լուսավորն ու բարին, սուրբն ու հավիտենականը մեղքից ու անցողիկից զատորոշելու կարողություն: Վեցամյա կրթությունը Ճեմարանում միտված է մարդկային աստվածաստեղծ լավագույն որակներն ի հայտ բերելու մեր սաների մեջ: Նրանց ուսուցանելու, որ ամեն բանի մեջ նախեւառաջ գերադասելի են արդարությունը, խիզախությունը եւ խոնարհությունը»:
Տեսչական ու դասախոսական կազմի անունից Հայր Սուրբը շրջանավարտ սաներին մաղթեց, որ Քրիստոս միշտ աներեւութապես ուղեկից լինի նրանց իրենց կյանքում եւ գործերում ՝ զինելով վերջիններիս իմաստությամբ:
Ապա երաժշտական կատարումներով հանդես եկավ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի երգչախումբը՝ ղեկավարությամբ Բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի: Ուսանողության անունից խոսք ասաց Զ լսարանի սան Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մինասյանը:
Հանդիսության ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուսման մեջ դրսեւորած բարձր առաջադիմության, կարգապահության եւ այլ արժանիքների համար հատուկ պարգեւների արժանացրեց տարբեր լսարանների սաների:
Ցերեկույթն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց ուսումնական տարվա ընթացքում Մայր Աթոռի հոգեւոր կրթական հաստատությունների արձանագրած հաջողությունների եւ ձեռքբերումների առիթով` իր գնահատանքը բերելով Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի եւ Թրբանճյան ընծայարանի տեսչական եւ դասախոսական կազմերին ներդրված նվիրյալ ջանքերի եւ ջանադիր գործունեության համար:
Իր պատգամում Հայոց Հովվապետը նշեց, որ ժողովրդի հոգեւոր սպասավորության համար պատրաստվող եկեղեցականնները պետք է կրողը լինեն լավ մարդու, լավ հայի եւ լավ քաղաքացու հատկանիշների։
Ըստ այդմ, Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ճեմարանը կոչում ունի նախ մարդակերտումի. մարդ, որ կրողն է Աստծու պատկերի, ով նմանվում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին եւ առաջնորդվում Նրա պատվիրաններով ու պատգամներով։
Հոգեւոր հաստատության երկրորդ կոչումը Նորին Սրբությունը նկատեց մանկավարժների եւ տեսչության կողմից հայրենասեր հայորդիներ դաստիարակելու առաքելությունը, որպեսզի ճեմարանի սաները, հաղորդ դառնալով ազգային պատմությանը, հայրերի սրբազան ժառանգությանը ու հերոսական կերպարներին, նրանց օրինակով ու ծառայանվիրումի ոգով հաղթանակներ կերտեն ինչպես հոգեւոր, այնպես եւ աշխարհիկ կյանքում, կարող լինեն նպաստելու հայապահպանության սրբազան գործին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւոր նկատեց նաեւ, որ ճեմարանի շրջանավարտներն ունենան քաղաքացիական բարձր գիտակցություն, պատասխանատվության եւ օրինապահության ոգի՝ իբրեւ արժանավոր եկեղեցականներ ժողովրդին պահելու Աստծո շավիղների մեջ եւ ազգային կյանքը առաջնորդելու սիրո, բարության, արդարության եւ խաղաղության մեջ:
Խոսքն ուղղելով շրջանավարտ սարկավագներին՝ Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Մենք մեծապես ուրախ ենք, որ այս տարի եւս ունենք շրջանավարտներ, ովքեր մուտք են գործելու միաբանական կյանք եւ իրենց ամբարած գիտելիքներն ի սպաս են բերելու իրենց ծառայագործության մեջ մեր ժողովրդին եւ Սուրբ Եկեղեցուն։ Վստահ ենք, որ մեր շրջանավարտները կարդարացնեն ինչպես մանկավարժների, այնպես էլ տեսչության եւ մեր միաբանության սպասումներն ու հույսերը եւ ավելիով կնպաստեն մեր Եկեղեցու վարկի ու հեղինակության բարձրացմանը: Բարի ընթացք ենք մաղթում իրենց միաբանական նոր կյանքից ներս եւ արդյունավոր ծառայություն՝ ի սեր եւ ի փառս մեր ժողովրդի ու Եկեղեցու»։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց նաեւ մնացյալ ճեմարանականներին՝ հորդորելով բարձր գիտակցություն դրսեւորել ուսումնառության մեջ եւ ամենայն ջանք ի գործ դնել՝ իրենց անձերը պատրաստելու այն մեծ առաքելության, որին կոչված է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին:
Վերջում Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Տերը միշտ պայծառ պահի Հայոց Եկեղեցին եւ արդյունավորի նրա առաքելությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ հայցեց Երկնավորի օրհնությունը աշխարհասփյուռ հայոց ազգին եւ հայրենի երկրին, որպեսզի միշտ լինեն Աստծո սուրբ Աջի հովանու ներքո եւ ապրեն խաղաղության եւ բարօրության մեջ:
Ճեմարանի ուսումնական տարվա փակման հանդիսությունն ավարտվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:





























